Ավանդական հայկական հարսանիքը կարելի է ասել կորցրել է իր հմայքը և մեր օրերում առավել տպավորիչ է ոճական մի շարք հնարների կիրառումը: Եթե Դուք պատրաստվում եք հարսանեկան արարողության, ապա նախևառաջ կարևոր է ընտրել գունային այն գամման, որը իշխող է լինելու բոլոր պատրաստությունների հարցում: 2017 թվականին ոճաբանները խորհուրդ են տալիս վարդագույն երանգների չափավոր գործածումը, որոնք ընդունակ են իրենց մոգականությամբ անկրկնելի տպավորություն թողնել հենց առաջին հայացքից: Այս տարվա գույնը համարվող և ոճաբանների կողմից «վարդագույն հազարաթերթիկ» կոչվածը, իր մեջ բավականին մեծ չափով դրական լիցքեր ամփոփելով հանդերձ, տրամադրություն է ստեղծում ոչ միայն Ձեր, այլև Ձեր հյուրերի համար: Դե ինչ սկսենք:
Եթե հարսանիքի օրն արդեն որոշված է և մեր օգնությամբ ընտրել եք նաև միջոցառման վայրը, ապա շտապեք պատվիրել հրավիրատոմսերը: Հարկավոր է ճիշտ ընտրություն կատարել, քանի որ Ձեր հարսանիքի մասին առաջին տպավորությունը ձևավորվում է հենց հրավիրատոմսերի միջոցով: Խրախուսվում են վարդագույնի նուրբ երանգներով, ինչպես նաև ժապավեններով ձևավորումները:
Խոսելով ձևավորման մասին անդրադառնանք նաև միջոցառման զարդարանքին և իհարկե հարսանեկան տորթին: Ամենևին կարևոր չէ Դուք ընտրել եք ռեստորանային փակ դահլիճ, թե բացօթյա տաղավար, քանի որ երկու դեպքերում էլ անհրաժեշտ է կատարել գեղեցիկ ձևավորում: Տորթի պարագայում ևս համին կարևորություն տալուց զատ, պետք չէ անտեսել նաև տեսքը: Բոլոր այս հարցերում օգնության են գալիս վարդագույն ծաղիկները, որոնք ընդունակ են ռոմանտիկ ելևէջներ հաղորդել Ձեր հեքիաթային հարսանեկան արարողությանը:
Ճիշտ է հարսանեկան զգեստի հարցում ընդունված է նախապատվությունը տալ սպիտակ գույնին, սակայն ոճային լինելու նպատակով կարող եք Ձեր կերպարը լիարժեք դարձնել նաև վարդագույն աքսեսուարների, ծաղկեփնջի և ինչու ոչ հարսանքույրերի զգեստների օգնությամբ:
Կարևոր է ասել, որ տղամարդկանց մեծամասնությունը խուսափում է վարդագույնից` այն համարելով կանացի գույն, սակայն բնավ այդպես չէ: Գոյություն ունեն վարդագույնի բազմապիսի երանգներ, որոնք իդեալականորեն համապատասխանում են վերնաշապիկի, փողկապի և կամ զարդածաղկի համար:
Այսպիսով, եթե ցանկանում եք քայլել մոդային համընթաց և ունենալ անմոռանալի ու հեքիաթային հարսանիք, ապա մի մոռացեք այս տարվա թրենդը հանդիսացող վարդագույն հազարաթերթիկի մասին:
Դիանա Մնացականյան

0 մեկնաբանություն