Ցանկացած միջոցառման այցելելիս յուրաքանչյուր կին ցանկանում է ուշադրության կենտրոնում լինել` որպես ամենից հմայիչն ու գեղեցիկը, սակայն գեղեցկությունը ջանքեր է պահանջում: Այդ հարցում կարևորվում է ամեն մի մանրուք` սանրվածք, դիմահարդարում, աքսեսսուարներ, բայցև նախևառաջ կնոջ ներաշխարհը ներկայացնում է այն զգեստը, որն ինքը կրում է: Այս հոդվածում Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2017 թվականի նորաձևության վերջին թրենդները և կամ ժամանակակից արքայադստեր զգեստապահարանը:
Կարծում ենք այս տարի ոչ ոքի աչքից չի վրիպել ծաղկային գործվածքների առատությունը: Քաղաքի վաճառասրահներից շատերի ցուցափեղկերին կարելի է տեսնել գունային նման աշխատանքներ, որոնք զարդարում են գեղեցիկ սեռի ինչպես զգեստներն, այնպես էլ պայուսակներն ու նույնիսկ կոշիկները: Մենք, մեր կողմից, հավելենք, որ ծաղկային բազմատեսակ գույներով գործվածքները աքսեսսուարների որոշակի համադրությամբ հարմար են ինչպես փոքրիկ միջոցառումներին ներկայանալու, այնպես էլ հարսանյաց հանդիսությունններ այցելելու համար:
Առհասարակ, գործվածքներից զատ, այս տարի շատ են հանդիպում ծաղկային նման նախշազարդումները, որոնք երանգ են հաղորդում, ինչպես Ձեր սև կամ սպիտակ զգեստին, այնպես էլ յուրաքանչյուր միջոցառմանը, որին Դուք կայցելեք:
Կարևոր է ասել, որ ծաղկային գունազարդումները հանդիպում են ոչ միայն սև և այլ մուգ երանգների զգեստների դեպքում, այլև կարող են համադրվել ծիածանի ցանկացած գույնին` յուրաքանչյուր տեսնողին հաղորդելով գարնանային բարձր և վառ տրամադրություն:
Խոսելով վառ կերպարի կերտման առանձնահատկությունների մասին` պետք չէ մոռանալ այս տարվա մեկ այլ թրենդի մասին ևս, այն է` փայլեր, փայլեր և մեկ անգամ ևս փայլեր: Ընդ որում` խրախուսվում է ցանկացած երանգի փայլերի գործածումը` սևից մինչ ոսկեգույն և կամ կապույտից մինչ կանաչ: Անկախ այն հանգամանքից, թե առաջիկայում պատրաստվում եք այցելել որևէ թանկարժեք ռեստորանում հարսանյաց, ծննդյան արարողության և կամ պարզապես հրավիրված եք կոկտելային փոքրիկ միջոցառման որևէ փաբում` կարող եք առանց այլևայլության կրել փայլերով լի զգեստը, իսկ Ձեր կերպարի դասականությունը կամ դրան հակառակ` առօրեականությունը կարող եք ընդգծել աքսեսսուարների և համապատասխանաբար բարձրակրունկ կամ ցածրակրունկ կոշիկների միջոցով:
Այսպիսով, եթե ցանկանում եք գեղեցիկ և միևնույն ժամանակ նորաձև երևալ, ապա Ձեր զգեստապահարանը համալրեք ծաղկային տպագրությամբ, գործվածքներով և փայլուն զգեստներով և կամ էլ համատեղեք երեքը մեկում, ինչպես դա անում են աստղերը:
Դիանա Մնացականյան

0 մեկնաբանություն